National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
21.10.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 5

Հոկտեմբերի 21-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Օրենսդրական կարգավորմամբ կվերացվի ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում լիազոր մարմնին սահմանված կարգով հայտնելու պահանջը ու այդ մասին չհայտնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը, քանի որ նշված պարտականության կատարումը ՀՀ քաղաքացիների համար իրավունքների իրականացման պայման ընդհանուր առմամբ չի հանդիսանում:

Օրենսդրական փաթեթն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

Այնուհետեւ ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը քննարկման է ներկայացրել իր, ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանի եւ Մկրտիչ Մինասյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը քրեորեն պատժելի է դարձնում արխիվային նյութերի կեղծարարությունը, հորինված մեկնաբանությունները եւ փաստերի աղավաղումը, որը կարող է կանխել եւ վերահսկելի դարձնել պաշտոնական, տեղեկատվական, մշակութային եւ գիտական շրջանակներում նման դրսեւորումները:

Քննարկումների արդյունքում օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ նստաշրջանի օրակարգի նախագծում:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ հոկտեմբերի 21-ի նիստում քննարկել է 2016 թվականի մարտի 23-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Քուվեյթի Պետության միջեւ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» համաձայնագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը նշել է, որ համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը եւ Քուվեյթի Պետությունը պարտավորվում են իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան միմյանց տրամադրել քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն: Փաստաթղթի շրջանակներում իրավական օգնությունը ներառում է դատավարական փաստաթղթերի հանձնումը, ապացույցներ վերցնելը, անձանց եւ առարկաների գտնվելու վայրի եւ ինքնության հաստատումը, գույքի պաշտպանության համար միջոցների ձեռնարկումը, հետախուզման եւ առգրավման հարցումների կատարումը եւ այլն:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ներկայացրել է նաեւ 2013 թվականի հոկտեմբերի 2-ին ստորագրված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը: Փաստաթղթի նպատակն է ընդլայնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունը՝ բարձրացնելով դատարանի եւ ազգային իշխանությունների միջեւ փոխգործակցության մակարդակը:

1958 թվականի մարտի 20-ին Ժնեւում ստորագրված «Անվավոր փոխադրամիջոցների եւ անվավոր փոխադրամիջոցների վրա տեղադրվող եւ (կամ) օգտագործվող սարքավորումների ու մասերի համար միօրինակ տեխնիկական կարգադրագրերի ընդունման մասին եւ այդ կարգադրագրերի հիման վրա տրվող հաստատումների փոխադարձաբար ճանաչման պայմանների մասին» համաձայնագիրը ներկայացրել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը: Նա նշել է, որ համաձայնագրի նպատակն է կանոնակարգել ավտոտրանսպորտային միջոցներին եւ դրանց վրա տեղադրվող ու օգտագործվող սարքավորմանն ու մասերին ներկայացվող տեխնիկական պահանջները:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը ներկայացրել է նաեւ 1948 թվականի մարտի 6-ին Ժնեւում ստորագրված «Միջազգային ծովային կազմակերպության մասին» կոնվենցիան: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ անդամակցությունը կոնվենցիային հնարավորություն կտա Հայաստանին ընդլայնելու համագործակցության շրջանակները, օգտվելու կառավարությունների միջեւ համագործակցությունը խթանելու նպատակով կազմակերպության կողմից մշակված մեխանիզմներից՝ կապված բոլոր տեսակի տեխնիկական հարցերի հետ, որոնք առնչվում են միջազգային առեւտրում ներգրավված բեռնափոխադրումներին: Անդամակցությունը հնարավորություն կտա նաեւ խթանելու բեռնափոխադրման ծառայությունների մատչելիությունը համաշխարհային առեւտրում:

Քննարկված միջազգային համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Պատգամավորները քննարկել եւ առաջարկների հիման վրա լրամշակելուց հետո դրական եզրակացություն են տվել Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆիաջյանի, Արագած Ախոյանի, Լյովա Խաչատրյանի, Վահան Կարապետյանի, Թեւան Պողոսյանի, Արմեն Ավետիսյանի հեղինակած «Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանական գործողությունները դատապարտելու վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծին: Այն կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Լյովա Խաչատրյանի հեղինակած «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող Միքայել Մելքումյանի՝ առաջարկվում է «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության վերաշահագործման եւ հետագա կենսունակության ապահովման նպատակով սահմանել ձեռնարկության գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ: Միաժամանակ, նախագծով առաջարկվում է ստեղծել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը, ամրագրել գույքային համալիրի ամբողջականության ապահովումը եւ բացառել հիմնական միջոցների օտարումը` մինչեւ «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գույքային համալիրի` համապատասխան ներդրումային ծրագրով օտարումը, ինչպես նաեւ ապահովել ձեռնարկության հիմնական միջոցների շուկայական գնահատումը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն՝ ԱԺ նստաշրջանի եւ հոկտեմբերի 24- 27-ի նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

Պատգամավորները ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի ներկայացմամբ քննարկել են հանձնաժողովի 2017 թվականի գործունեության ծրագիրը, ապա Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2017 թվականի տարեկան գործունեության ծրագիրը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանը: Զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովը ծրագրերն ընդունել է ի գիտություն:

Հեղինակների առաջարկով մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգվել են «Փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» եւ «Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության մասին» օրինագծերի քննարկումը:


10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am